Главная » 2011 » ՆՕՅԵՄԲԵՐ » 18 » “Աննա”-ն կունենա 3-րդ եթերաշրջա՞ն
20:26
“Աննա”-ն կունենա 3-րդ եթերաշրջա՞ն

Օրերս երիտասարդական նախաձեռնություններից մեկը "Աննա” սերիալին արժանացրեց "եթերի աղբ” տիտղոսին` Հ1-ին ուղարկելով 100 դրամ` եթերն աղբից մաքրելու համար: Դրան անմիջապես հետեւեց Ալեքսան Հարությունյանի`սերիալը համաշխարահային արվեստի գործերի թվին դասելու մասին հայտարարությունը: Իսկ վեջինիս ռեժիսոր Ելենա Արշակյանն անմիջապես արձագանքեց, թե "Աննա” հեռուստասերիալը Հայաստանում ամենաբարձր վարկանիշ ունեցողներից մեկն է, նույնիսկ 1–ին կամ 2–րդ տեղում է, վարկանիշը միջինը 55–60% է։ Իսկ արդյոք դա նշանակում է, թե սերիալը բարձր արժեք ունի, թերեւս ֆիլմի հեղինակը հարցի շուրջ չի էլ մտորել:

"Աննան” եթերում հայտնվեց 2010 թվականի մարտի 31-ից, եւ սկսվեց դժբախտությունների մի իսկական շարան: 

Եւ դժբախտների ցուցակի առաջատարն է ֆիլմի գլխավոր հերոսուհին` Աննան: Եւ քանի որ նա է հերոսուհին, փորձենք հասկանալ`ինչպիսին պետք է լինի հայ կնոջ կերպարն ըստ ֆիլմի:

Նախ, նա պետքէ մշտապես դժբախտ ու տառապած լինի, գեղեցիկ լինի, համեստ ու "սովորած”: Մնացած որակական, մարդկային հատկանիշներ հայ կնոջը հարկավոր չեն: Այդպիսիք չունի հենց ինքը` Աննան: Առանց բնավորության, առանց դիմագծերի կերպար է, ընդ որում, ըստ ռեժիսորական մտահղացման, հենց նա է առանցքը, որի շուրջ կատարվում են մնացած իրադարձությունները:

Եւ եթե Աննան է որպես լավագույն կերպար ներկայացվում, ապա կարծում ենք` մյուսներին անդրադառնալու կարիք առհասարակ չկա:

Բայց թողնենք գլխավոր հերոսուհու դժբախտ, հեծեծուն կերպարն ու ֆիլմի գույնը փորձենք որոշել. մռայլ, գորշավուն գույներ: Ամեն կարեւոր իրադարձությունից հետո որպես կանոն մեկը մահանում է, եւ եթե ռեժիսորը նոր կերպարներ չներմուծի, երեւի թե Աննան վերջում մենակ կմնա, կամ գուցե թե ռեժիսորն ազարտով տարված` Աննային էլ սպանի, ով գիտի: 

Որպես դժվարին իրավիճակներից դուրս գալու լուծում` ֆիլմի հեղինակը հիմնականում մահն է տեսնում:

Հերոսուհիներից մեկի` Անիի հայրը դուրս է գալիս բանտից, աշխատանք չի կարողանում գտնել, եւ նա ինքնասպան է լինում: Նույն հերոսուհու մոր հետ հարաբարերությունները վատ են, անընդհատ մայրը հուսախաբ է անում աղջկան, եւ դարձյալ իբրեւ լուծում, մայրն էլ է մահանում. նրան սպանում են:

Այնուհետեւ դարձյալ նույն հերոսուհուն փորձում են բռնաբարել, ընդ որում իր մոր 2-րդ ամուսինը, եւ նա սպանում է վերջինիս….

Պատկերացրեք` սա էլ այդ մահառատ կերպարներից մեկի պատմությունն է ընդամենը: Ինչ կլինի, եթե յուրաքանչյուրին անդրադառնանք:

Իր տված հարցազրույցներից մեկում ֆիլմի ռեժիսորն ասել էր, թե յուրաքանչյուրիս հետ էլ կարող էին նման դպքեր լինել: Տեսականորեն` այո, հնարավոր էր, սակայն ոչ բոլորի հետ, եւ ոչ բոլոր դեպքերում, ավելին, իրականում այդքան դժբախտությունները մեկի հետ լինելու դեպքում մարդ ամենաքիչը հոգեկան խեղում կստանար, ինչից, ի դեպ, զերծ չեն սերիալի կերպարներից ոմանք: 

Թե դեռ որքան Աննան պետք է շրջի իր տառապյալ դեմքով, դերասանական խաղի բացակայությամբ, եւ թե դեռ որքան պետք է դիմանանք ռեժիսորի կիսատ մտքերին, անկապակցված իրադարձություններին, դժվար է ասել, բայց բոթաբեր լուրեր են շրջում, թե հնարավոր է` երրորդ շրջան էլ նկարահանվի, ու այ այստեղ է, որ տնային տնտեսուհիների սպասումները, թե "հեպպի էնդը” մոտ է, կարող է հուսախաբ լինեն:

Հ.Գ. Մի անգամ առիթ եմ ունեցել ներկա գտնվելու սերիալներից մեկ կերպարների համար հայտարարված քաստինգին: Զավեշտն այն էր, որ ներկա գտնվող աղջիկների մեծամասնությունը թատերական կրթություն չուներ, եւ կարծում էին` եկել էին գեղեցկության մրցույթի: Բժշկական համալսարան, Մանկավարժական,  ԵՊՀ, Բաց համալսարան… Եւ այս քանակի մեջ գրեթե բացակայում էին ԵԹԿՊԻ-ի ուսանողները: Թե ինչու, իմացա ավելի ուշ: Քասթինգից հետո պարզվել էր` ընտրվել էր ամենագեղեցիկը, ով, ի դեպ, անգամ հայկական կրթություն չէր ստացել եւ Հայաստան էր եկել ՌԴ-ից:

www.zham.am

Категория: Հեռուստանյութեր | Просмотров: 820 | Добавил: VAHAG-EMINEM | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: